2015թ. Հայաստանյան մանկատներից որդեգրվել է 61 երեխա, որից միայն 10-ը հայաստանցի ծնողների կողմից: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներին եւ կարգի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

«Հայաստանցի ծնողները որդեգրել են բացառապես առողջ երեխաներ: Որդեգրված մյուս երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ եւ որդեգրվել են դրսից եկած ընտանիքների կողմից: Նրանց մեջ են նաեւ արցախցի ընտանիքների կողմից որդեգրված երեխաները»,- ասաց Լենա Հայրապետյանը:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե որդեգրել ցանկացող զույգերը դժգոհում են որդեգրման կարգից, նախարարության աշխատակիցն արձագանքեց.«Հայաստանցի ծնողներն ուզում են որդեգրել բացառապես առողջ երեխաներ, այն էլ փոքր տարիքի: Մինչդեռ մանկատներում գտնվող 660 երեխաներից 520-ն ունեն առողջական խնդիրներ»:

Նշենք, որ մայիսի 26-ին հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետեւ տրվելու է ընտանեկան նոր ձեւերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին եւ միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում: