«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով վկա Ալբերտ Չիլինգարյանն ամբաստանյալներին չի ճանաչում, սակայն դեպքի օրը տեսել է դիմակավորված երեք երիտասարդի:
«Շենքի բակում աշխատում էինք, տեսա` երեք երիտասարդի՝ դիմակով, մտածեցի` կինո են նկարում: Ուրիշ բան չեմ հիշում, մեծ մարդ եմ, երկար ժամանակ ա անցել»,- այսօր` հունիսի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկան:
Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան:
Ըստ Ալբերտ Չիլինգարյանի նախաքննական ցուցմունքի` ինքը դեպքի օրը կրակոցներ է լսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտից, սակայն կարծել է, թե վարժանքներ են:
«Հետո նկատեցի երեք երիտասարդի, որոնք քայլում էին առանց խոսելու: Մեկը դիմակով էր, մյուս երկուսը` առանց դիմակների: Նրանց վրա արյան հետքեր չեմ նկատել, վնասվածքներ էլ չեմ տեսել»,- ասել էր վկան:
Չիլինգարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, քանի որ երկար ժամանակ է անցել եւ ինքը մանրամասներին չի տիրապետում:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազենով սպանել են Լեւոն Ղազարյանին եւ նրա երկու ընկերներին:





























