«Երրորդմասցի Լյովիկի»եւ երկու ընկերների սպանության գործով վկա, տաքսու վարորդ Դմիտրի Սավչենկոն դեպքի օրը երեք երիտասարդի Նոր Նորքից տեղափոխել է Ավան թաղամաս:
Այսօր` հունիսի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկան հայտնեց, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածում իրեն է մոտեցել մի երիտասարդ եւ խնդրել իրենց տեղափոխել Ավան:
«Ես էլ տարել եմ Ավան, ճանապարհին մեկն իջել, ջուր է խմել, հետո մենք շարունակել ենք մեր ճանապարհը: Հասցրել եմ Ավանում գտնվող ավտոլվացման կետերից մեկի մոտ եւ հեռացել»,- ասաց վկան:
Դմիտրի Սավչենկոն պատմեց նաեւ, որ երեք երիտասարդներն իրար հետ չեն խոսել, միայն նկատել է, որ նրանցից մեկի տաբատի պատռված է:
Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ըստ Սավչենկոյի նախաքննական ցուցմունքի` երեք երիտասարդները մեքենայի մեջ խոսել են այն մասին, որ իրենց մեքենան փչացել է, ապա նրանցից մեկը ծխախոտ է խնդրել իրենից:
«Հասցրել եմ տեղ, ինձ տվել են երկու հազար դրամ, ես հեռացել եմ»,- ասել է վկան:
Նախաքննության ընթացքում ցուցադրված տեսագրություններում տաքսու վարորդը ճանաչել է երկու երիտասարդի, որոնք նստել են իր ավտոմեքենան:
Վկան դատարանում հայտարարեց, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը գրել է իր նախաքննական ցուցմունքում:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազենով սպանել են Լեւոն Ղազարյանին եւ նրա երկու ընկերներին:





























