«Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատակոչված մյուս վկաները չէին ներկայացել:

Այսօր` հունիսի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորը հայտարարեց, որ գործով մյուս վկաները դատարան չեն ներկայացել:

«Վարդան Տորդոզյանը, որին բերման ենթարկելու որոշում էինք կայացրել, պարզվում է` Ռուսաստանի Դաշնությունում է: Հարություն Մուշեղյանի վերաբերյալ ծանուցում ենք ստացել, որ այսպիսի անձ այդ հասցեում չի բնակվում: Երրորդ վկայի վերաբերյալ էլ մայրը հայտնել է, թե Վեդիում է: Ապրիլյան դեպքերից հետո որ վկային ծանուցում ենք, պարզվում է` Ղարաբաղում է»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Դատարանը որոշեց ծանուցել մյուս վկաներին:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 21-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազենով սպանել են Լեւոն Ղազարյանին եւ նրա երկու ընկերներին: