Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 14-ին, պաշտպանական կողմի հարցերին գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը հիմնականում «Այդպես եմ հիշել, այդպես եմ պատասխանել»,  «Չեմ հիշում» պատասխանները հնչեցրեց:

Գեղամ Խաչատրյանի այդ պատասխանները դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ վրդովմունք առաջացրին, որոնք տեղից սկսեցին գոռալ` «Չես հիշում, գնա բժշկի», «Հիշողությունդ կորցրել ես` բուժվի»:

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ գործով տուժողի պատասխաններն «ավելի լավ հասկանալու համար» դատարանին խնդրեց թույլ տալ իրեն «ավելի մոտ» կանգնել Գեղամ Խաչատրյանին  հարցեր տալու համար, դատարանը, սակայն, նրան թույլ չտվեց, որից հետո փաստաբանը նստած տեղից մի քանի հարցեր ուղղեց տուժողին, այնուհետեւ իր հարցերն ավելի պատկերավոր դարձնելու համար դատարանի թույլտվությամբ մանրամասն ցույց տվեց այն հնարավոր հնարքները, որոնք Ազատության հրապարակում «պաշտպանվելու համար» կատարել էր տուժողը.

«Ինչպես եք այդ կարճ ժամանակահատվածում կարողացել այսպես ոտքով հարված կատարել, երբ ձեր գլուխն այպես կախված է եղել, ինչպես եք կարողացել թեքվել…», տուժողը պատասխանեց. «Պատկերացրեք, շատ արագ եմ արել»:

Գործով մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանի հարցին` արդյոք Գեղամ Խաչատրյանը չգիտի, որ տոնածառը չի կարող որպես արգելվող իր համարվել Ազատության հրապարակ մտցնելու համար եւ ոստիկանը պարտավոր է կատարել գործողություններ, որը սահմանված է օրենքով, այլ ոչ թե վերադասի հրամանով, ԳեղամԽաչատրյանը պատասխանեց` «գործողությունների օրինականությունը դուք չէ, որ պետք է որոշեք, եթե վերադասից եմ ստանում հրամաննն, ուրեմն դա օրինական է, ես այդպես եմ կարծում»:

Դատարանը տուժող Գեղամ Խաչատրյանին հարց ուղղեց` արդյոք այս ընթացքում նա դեպքից  որեւէ բան հիշել է եւ ուզում է պատմել, որին տուժողը պատասխանեց «ոչ»: Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: