Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 14-ին, հարցաքննվեց դեպքի օրը Ազատության հրապարակում եղած ոստիկաններից Վարդան Անդրեասյանը: Նա պատմեց, որ այդ օրն ինքը ծառայություն իրականացնելիս է եղել, երբ նկատել է, որ ինչ-որ մեկը եղեւնու կերպարանքով վազում է Ազատության հրապարակ այլ քաղաքացիների հետ, իսկ երկու ոստիկան էլ նրանց հետեւից վազելով գոռում են` «կանգնեք»:

«Մոտեցանք նրանց, ասացինք, որ կանգնի, սակայն, չենթարկվեցին: Այդ ժամանակ նրանց շարժը կասեցնելու համար Գեղամ Խաչատրյանը ոտնակ հնարք կատարեց, որից հետո էլ սկսվեց հրմշտոցը: Սկսեցին մեզ հայհոյել, քաշքշել, որի ընթացքում մեկը հարվածեց Գեղամ Խաչատրյանի աճուկային մասին, երկրորդ անգամ էլ որ հարվածեց, Գեղամը պաշտպանվեց: Գեւորգ Սաֆարյանը հետո վազեց  ծառերի հատված, բոլորս վազեցինք իր հետեւից, հայհոյում էր, մոտեցա նրան, բռնեցի ձեռքերից, որից հետո ինձ հրեց, խփեց: Բախումից հետո, երբ հրմշտոցը շարունակվեց, Գեւորգ Սաֆարյանին էլ չեմ տեսել»,-պատմեց վկան:

Դատախազի հարցին` արդյոք տեսել է, ինչպես  է Գեւորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանին, վկան պատասխանեց, որ տեսել է. «Տեսանք, որ Գեղամ Խաչատրյանը վնասվածք է ստացել, հարվածել էր Գեւորգ Սաֆարյանը»:

Նշենք, որ գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց: Գեւորգ Սաֆարյանը ժամանակ խնդրեց դատարանից` վկային հարցեր տալու համար նախապատրաստվելու համար: Դատարանը նրա մջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: