«Թալիշի վերածնունդ» շարժման առաջնորդ, Թալիշ–Մուղանի Հանրապետության Մեջլիսի նախագահ Ֆահրադդին Աբբոսզոդան իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այս մասին նա ասել է «Ղարաբաղյան հակամարտություն. Պատմություն եւ արդիականություն» միջազգային գիտաժողովի ընթացքում: Գիտաժողովն ընթացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում:

Նրա խոսքով՝ պատերազմը լույս է սփռել իրենց ժողովուրդների նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերաբերմունքի վրա։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարելի մարդկանց կյանքերը զոհել հանուն մի քանի հա հողի։ Ադրբեջանում այլ վերաբերմունք ցուցաբերեցին։

«Որպես Թալիշի ազգային շարժման ներկայացուցիչ՝ ուզում եմ ասել՝ մեզ համար առաջին տեղում ժողովուրդների իրավունքներն են։ Մենք պայքարում ենք մեր ժողովրդի իրավունքների համար եւ ելնելով դրանից՝ կարծում ենք, որ ամեն ժողովուրդ ազատագրման եւ անկախության իրավունք ունի։ Այնպես որ այդ հարցում տարակարծություններ չեն կարող լինել։ Մենք ամբողջովին աջակցում ենք Ղարաբաղի, Արցախի ժողովրդին անկախ եւ ազատ լինելու նրա ցանկության հարցում»,– ասել է Աբբոսզոդան կոնֆերենց–կապի ժամանակ։

Նրա խոսքով՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում խնդիրները կհաջողվի լուծել շատ արագ։ «Գլխավորը փոխզիջումների պատրաստակամություն դրսեւորելն է, ինչը Ադրբեջանի ղեկավարության մոտ ինչպես չի դրսեւորվել այնպես էլ չի դրսեւորվում»,– եզրափակել է նա։

Նշենք, որ հիմա Ֆահրադդին Աբբասզոդան ստիպված է հալածանքների պատճառով ապրել Ադրբեջանի սահմաններից դուրս։