Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը կարծում է՝ վաղ է ինչ-որ գանհատականներ տալ պետական առողջապահության գործակալության պետի եւ մյուս պաշտոնյաների ձերբակալություններին:

«Չեմ կարծում՝ պետք է գնահատականներ տալ, թե դրամաշորթություն է տեղի ունեցել, խոշոր գումարների շորթում է տեղի ունեցել»,- այսօր՝ հունիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ հորդորելով սպասել քննության ավարտին:

Լրագրողի հարցին՝ եթե անհրաժեշտություն առաջանա եւ ինքը նույնպես հարցաքննության կանչվի, ինչպես կվարվի, նախարարը պատասխանեց. «Եթե  իրավապահ մարմինները հարկ տեսնեն, որ պետք է հարցաքննություն իրականացնել, բնականաբար, մենք էլ պետք է օրենքին ենթարկվենք, ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Հարցին՝ տեղի ունեցածը չի ազդում նախարարության վարկանիշի վրա, փոխնախարարը չցանկացավ պատասխանել:

«Ես վարկանիշով չեմ զբաղվում, ոչ էլ նախարարության աշխատանքի գնահատական տվողն եմ»,- նշեց նա՝ հավաստիացնելով, որ նախարարությունը բաց ու թափանցիկ է աշխատում:  Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հունիսի 13-ին ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: