Հայաստանն ի վիճակի է ստեղծել իր սեփական ռազմաարդյունաբերական համալիրը: Այս մասին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, խորհրդային ժամանակներում Ռուսաստանն առաջին տեղում էր գիտության ոլորտում, նրան հաջորդում էին Ուկրաինան ու Հայաստանը: «Բայց եթե դա համեմատենք Հայաստանի բնակչության քանակի հետ, ապա կարող ենք ասել, որ մեր երկիրն առաջինն էր իր գիտական ներուժով: Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մոտ 10 տարի սխալ են գնահատել մեր հնարավորությունները: Մենք կարող էինք զարգացաած ռազմաարդյունաբերական համակարգ ունենալ»,- շեշտել է Զարուհի Փոստանջյանը: Իսրայելը, շարունակել է պատգամավորը, դեռ 2000-ից է սկսել տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել ռազմաարդյունաբերական ոլորտում: «Եվ այսօր Իսրայելի ստեղծած անօդաչուները մեր դեմ են օգտագործվում: Մինչդեռ մենք ինքներս կարող էինք ստեղծել այդ անօդաչուները ու ոչ միայն ինքներս մեզ պաշտպանել, այլեւ փող վաստակել: Այս պահին կան որոշակի նախագծեր, որոնք Էկոնոմիկայի նախարարությունն է մշակել, թե որքանով դրանք կյանքի կկոչվեն՝ չեմ կարող ասել: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մենք ունենք ներուժ ու հնարավորություններ, որոնք պետք է համընկնեն մեր իշխանությունների ցանկությունների հետ՝ ինչն այս պահին չկա»,- ամփոփել է Զարուհի Փոստանջյանը: