Անցած տարվա փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան մեջ մեղադրվող Գեւորգ Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալի պաշտպան Մարինա Հակոբյանը:
«Գեւորգ Ղազարյանն ընդունում է, որ կանոնակարգի խախտում է թույլ տվել, սակայն պատճառական կապի մասով մեղադրանքը չի ընդունում: Գեւորգն ասում է, որ նախկինում մի քանի անգամ նկատողություն է արել Ալբերտին, թե դիրքում մի քնիր, քեզ մաքուր պահիր, այդքանը, Գեւորգը չի ծեծել Ալբերտին, ոչ մի վնասվածք չի հասցրել, նրա մահվան հետ էլ առնչություն չունի»,- ասաց փաստաբանը:
Ըստ Մարինա Հակոբյանի՝ Գեւորգ Ղազարյանն ու Ալբերտ Սաֆարյանը միասին են ծառայել, նորմալ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ:
Նշենք, որ այս գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել անցած տարվա դեկտեմբերի վերջին:
«Դատաքննությունը հունիսի 21-ից նոր սկսվելու է: Այդ օրը նշանակված նիստում կհարցաքննվեն գործով վկաները»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայող Գեւորգ Ղազարյանը պարբերաբար ծեծել, հայհոյել, հրել, քաշքշել է համածառայակից Ալբերտ Սաֆարյանին, ինչի հետեւանքով Սաֆարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով ինքնասպան է եղել:
Վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանն ու շարքային Միհրան Հովակիմյանն էլ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել իրենց նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Ա.Սաֆարյանին:
20-ամյա Գեւորգ Ղազարյանին եւ Միհրան Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով: Պայմանագրային զինծառայող, 30-ամյա Արայիկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 358-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Ղազարյանն ու Հովակիմյանը կալանավորված են, իսկ Սուքիասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ.-ին փետրվարի 27-ին ժամը 20:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգով ստացած մահացու վնասվածքից` ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Ալբերտ Սաֆարյանի ծնողներն ի սկզբանե պնդում էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին:





























