Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ եւ նրա հետ քննարկել հայաստանի Ռուսաստան որոշակի ապրանքների արտահանման սահմանափակումները հանելու հարցը:

Մասնավորապես, կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման միտումները: Մասնավորապես, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, նշվել է համատեղ պայքարի շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը:

Այս համատեքստում քննարկվել է Հայաստանից դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր եւ մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութը եւ վերամշակում չանցած միսը, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը ՌԴ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներն առաջիկայում վերացնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ որոշակի սահմանափակումներ էին մտցվել համայնքներից մեկում գրանցված դաբաղի պատճառով: Հիվանդության կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ նոր ենթատեսակի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու արդյունքում, նվազել է վարակի վտանգը հանրապետությունում, իսկ ներկայումս բանակցություններ են վարվում պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել է հատկապես անասնաբուժական ենթահսկման բոլոր ապրանքների վերահսկողությունը ԵԱՏՄ միասնական պահանջներին համապատասխան ուժեղացնելու հարցը:

Երկու կառույցների ղեկավարները քննարկել են նաեւ, այս սեզոնին պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալների ավելացմամբ պայմանավորված, հայկական ծագման բուսասանիտարական բեռների տեղափոխումը հնարավորինս արագ եւ առանց խոչընդոտների կազմակերպելու անհրաժեշտությունը: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում, ջերմոցային տնտեսությունների աշխատանքներին ծանոթանալու նպատակով, Հայաստան կժամանեն ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության փորձագետները: