Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին թանգարանին է փոխանցելու Նիկո Պիրոսմանիի նկարը, որը աճուրդում էր գնել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Խոսքը «Այծյամը գետակի մոտ» կտավի մասին է, որը աճուրդում է ձեռք բերվել 629 հազար եվրոյով:
Իվանիշվիլին հայտնել է, որ նկարը կփոխանցի հանրապետության արվեստի թանգարանին, քանի որ համարում է, որ Պիրոսմանին այդքան էլ շատ նկարներ չունի, որպեսզի դրանց մեծ մասը մասնավոր հավաքածուներում պահվի:
Ընդ որում նախկին վարչապետը շեշտել է, որ Պիրոսմանիի կտավները չպետք է միայն Վրաստանում գտնվեն:
2015-ին Իվանիշվիլին Վրաստանի արվեստի պետական թանգարանին է նվիրել «Արսենալ սարը գիշերը» նկարը: Միլիարդատերը այդ կտավը նույնպես աճուրդում էր գնել՝ 1.46 մլն դոլարով:





























