Գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տնից գողություն մեջ կասկածվողները որոշել էին լքել Հայաստանը:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների եւ ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել նաեւ այն մեքենաները, որոնցով կասկածյալները, ըստ նախնական տվյալների, պետք է լքեին երկիրը:
Նույն օրը դատարանի որոշմամբ եւ ընթերակաների ներկայությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում մեքենաները խուզարկվեցին: «BMW»-ից հայտնաբերվեցին դանակ, դիմակ, ոսկեղեն, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույցներ, ֆոտոխցիկ, ուկրաինական դրամ եւ այլն:
«Ժիգուլու» խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու զույգ ձեռնոց, մետաղյա կարճ լինգ եւ այլն:
Նույն օրը խուզարկվեց Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի տունը, որտեղից հայտնաբերվեցին թանկարժեք հուշանվերներ, դանակներ, ատրճանակ եւ այլն: Շահեն Գասպարյանի մոտ հայտնաբերվեց նաեւ պոլիէթիլենային տոպրակով կանաչավուն զանգված:
Նույնատիպ զանգված հայտնաբերվեց նաեւ Նիկոլայ Հարությունյանի մոտ:
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու եւ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը ձերբակալված են:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ խոսքը հենց այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից առանձնապես խոշոր չափերի, այդ թվում` Ֆաբերժեի ձվեր գողանալու կասկածանքով:
Ավելի վաղ «Չորրորդ իշխանություն» թերթը հայտնել էր, որ հունիսի 7-ի գիշերը ժամը 3.00-ի մոտակայքում անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն եւ գողություն կատարել: Իսկ «Հրապարակ»-ն էլ գրել էր, որ նշված անձինք գողություն են կատարել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տնից:
































