Պաշտոնական տվյալներով Հայաստանում մայիսին սպառողական գների ինդեքսը կազմել է տարեկան կտրվածքով 97.9 տոկոս։ Ընդ որում, սպառողական ապրանքների միջին գները 3.9 տոկոսով նվազել են, այդ թվում՝ սննդամթերքի գները (նաեւ ալկոհոլն ու ծխախոտը) նվազել են 4.1 տոկոսով։
Սակայն ուրախանալու առիթ առանձնապես չկա։ Առաջին հերթին՝ դեֆլյացիան կարող է հանգեցնել երկրի տնտեսության մեջ մի շարք անցանկալի հետեւանքների։ Երկրորդ հերթին՝ գների տոտալ անկումը վկայում է ոչ թե գերարտադրության ճգնաժամի մասին, որի հնարավորությունը մեր երկրում դեռ բացառվում է, այլ բնակչության վճարունակության խնդիրների մասին։
Մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալները 2014-ից անշեղորեն կրճատվում են։ Այսինքն՝ քաղաքացիներն ավելի քիչ ապրանք են գնում, քան նախկինում։ Պատճառը հայտնի է. արտասահմանից եկող դրամական փոխանցումները զգալի պակասել են։ Ապրանքների իրացումը դանդաղել է, եւ վաճառողները ստիպված են իջեցնել այդ թվում՝ կարեւորագույն սննդամթերքի՝ հացի գինը։
Երեւանում հացի միջին մանրածախ գինը նվազել է 1 կգ–ի համար մոտ 16 դրամով կամ 2.9 տոկոսով։ Մյուս քաղաքներում, որտեղ գների մշտադիտարկում է իրականացվել, վիճակագիրները նույնպես արձանագրել են գնանկում։ Բացառություն է կազմել Վանաձոր քաղաքը։ Գների ամենամեծ անկումը (1 կգ–ի համար 41 դրամ) գրանցվել է Գավառում, իսկ ամենափոքրը (19 դրամ)` Գյումրիում։ Վանաձորում գրանցվել է գնաճ 7.5 դրամով կամ 1.6 տոկոսով։
Հումքի՝ ցորենի գների դեպքում իրադրությունը կարծես թե բարենպաստ է։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան հացահատիկի ներմուծման գրեթե ամբողջ ծավալը՝ ավելի քան 99 տոկոսը, բաժին էր ընկել Ռուսաստանին։ Ընդ որում, ռուսական հացահատիկի միջին մաքսային գինը մեկ տարում նվազել է 302 դոլարից 237 դոլար (կամ 22 տոկոսով)։ Սակայն հումքի բաժինը հացի մանրածախ գնի կառուցվածքում այդքան էլ մեծ չէ։ Օրինակ՝ Ռուսաստանում այն կազմում է մոտ 20 տոկոս։
Ռուսաստանից ցորենի ընդհանուր արտահանումը ընթացիկ գյուղատնտեսական տարում (2015-ի հուլիսի 1-ից 2016–ի հունիսի 30-ը) կաճի մինչեւ ռեկորդային 24-25 մլն տոննա։ Հետաքրքիր է, որ այդ ռեկորդի ֆոնին հենց Ռուսաստանում հացի որակի վատթարացման դեպքեր են գրանցվել։ Անկախ փորձագետների կարծիքով դա պայմանավորված է հացի արտադրության մեջ խարային կերի հացահատիկի օգտագործմամբ։
Սմբատ Գրիգորյան





























