Հայաստանում սնանկներին առողջացման նոր մեխանիզմներ կառաջարկեն: Այդ մասին հունիսի 14-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը` խորհրդարանում ներկայացնելով  «Սնանկության մասին» օրենքում եւ մի շարք  կից օրինագծերում փոփոխությունների նախագիծը:  

Այսպես, ազգային իրավունքի մեջ կներառվի նախասնանկության վիճակ հասկացությունը: Սնանկության չսպասելով` ձեռնարկությունը կարող է դատարանին դիմել` ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման համար: 

Նախասնանկը կօգտվի նույն մեղմացումներից, ինչ սնանկը, նրա դեմ կդադարեցվի տուգանքների հաշվումը, կփակվեն ունեցվածքային հայցերը: 

Ինչ վերաբերում է առողջացման ծրագրին, եթե ներկայիս օրենսդրությամբ դրա ժամկետը սահմանափակված է 24 ամսով, ապա այժմ առաջարկվում է այն երկարաձգել մինչեւ  72 ամիս:

Նախասնանկին կկարողանան ֆինանսավորել նրա վարկատուները, որոնք այդպիսով հնարավորություն ձեռք կբերեն հետ ստանալու իրենց ունեցվածքը, բայց պարտապանների  «կյանքը» պահպանելով:

Ճիշտ է, եթե ֆինանսական ծրագիրն այնպես կազմվի, որ վարկատուների  40 տոկոսը չհամաձայնի դրան, նախագծի հեղինակները ստիպված կլինեն հիմնավորել, որ ձեռնարկության վերականգնման դեպքում փողն ավելի արագ կստացվի, քան ունեցվածքի վաճառքի: 

Առողջացման ծրագրում հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն վարկատուների փողը, այլեւ նրանց ունեցվածքը, որի համար սակայն, պարտապանը պետք է լրացուցիչ երաշխիքներ տրամադրի: 

Այսպիսով` օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում միջոցներ չունեցող պարտապանները  շանս կստանան խուսափելու սնանկությունից եւ նորմալ գործունեության վերադառնալու: