Ֆինանսական առողջացման իրավունք պետք է ունենան ոչ միայն սնանկները եւ նախասնանկները, այլեւ իրենք` վարկատուները: Այդ մասին հունիսի 14-ին խորհրդարանում հայտնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Սնանկության մասին» օրենքում եւ կից օրինագծերում փոփոխությունների նախագծի քննարկմանը:  

Արեւմտյան երկրներում կարելի է ենթադրել, որ անվճարունակ պարտապանը այն աստիճան գիտակից կլինի, որ ինքն իրեն ճիշտ կախտորոշի եւ դատարանին կդիմի ֆինանսական առողջացման պրոցեդուրայի համար: Բայց հայկական պայմաններում,   ոմանք ձգձգում են մինչեւ վերջին պահը` հույսեր փայփայելով: 

«Գուցե եղբայրս կամ խնամիս ինձ փող կուղարկի, կամ ինչ-որ տեղից պարտք կվերցնեմ, այդպես մի կերպ գլուխ կհանեմ»: Նման տրամաբանությունը տարածված է: Այդ պատճառով նման պրոցեդուրա սկսելու իրավունք պետք է ունենան նաեւ վարկատուները: Որովհետեւ հենց նրանք են հետաքրքրված իրենց պարտապանի առողջացմամբ: Նրանք պետք է ասեն. «Վաղուց մեզ չի վճարում: Եկեք նրան թափ տանք », - հայտնել է Ջհանգիրյանը:

Նշենք, որ օրինագծերի փաթեթը նախատեսում է սնանկության կամ նախասնանկության վիճակում գտնվող ձեռնարկություններին օգնել ֆինանսական առողջացում անցնել: Միաժամանակ առողջացման ծրագրերի ժամկետը  24 ամսից կհասցվի 72 ամսի, իսկ դրա ֆինանսավորումը պարտապանները կկարողանան ներգրավել իրենց վարկատուներից: