Կրեմլում հաստատել են փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նամակն ուղարկվել է ԱԳՆ-ի միջոցով»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինին ուղղված նամակում Էրդողանը ռուսաստանցիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ եւ մաղթել, որպեսզի Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» հասնեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին ուղղված նամակում հույս է հայտնել, որ «երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այնպիսի մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար»:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լարվեցին 2015 թվականի նոյեմբերից հետո, երբ թուրքական կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:





























