Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Թալին եւ Գյումրի քաղաքների միջեւ ընկած հատվածի շինարարությունը կսկսվի արդեն հունիսի 17-ին: Այս մասին հունիսի 14-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ հավելելով, որ հաջողվել է մրցույթն անցկացել զգալիորեն տնտեսելով:

Ճանապարհի երթեւեկելի հատվածը կընդլայնվի՝ 2 գծի փոխարեն հասնելով 4-ի, իսկ ասֆալտե ծածկը կփոխարինվի բետոնով:

46.2 կմ երկարությամբ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (100 մլն դոլար) եւ Եվրոպական ներդրումային բանկի (60 մլն եվրո) վարկի, ինչպես նաեւ նույն բանկի 12 մլն եվրոյի դրամաշնորհի հաշվին:

«Հյուսիս-Հարավ» մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման երթեւեկության ժամանակը, ինչպես նաեւ լեռնային մի շարք հատվածների ուղղման եւ նոր` ավելի ուղիղ ճանապարհահատվածների կառուցման հաշվին ճանապարհն այժմյան 556 կմ-ից կհասցնի 495 կմ-ի (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք):

Շինարարությունն ընդհանուր առմամբ շուրջ 960 մլն դոլար կարժենա: Նախագծի հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար): Նախապես ծրագրվում էր ամբողջությամբ բետոնե ճանապարհ կառուցել: Սակայն ապրիլի վերջին տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ որոշ հատվածներում ճանապարհն ասֆալտե կլինի: