Մասնագիտական հանձնաժողովն ավարտում է Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Աշտարակ-Երեւան-Աշտարակ հատվածի զննումը: Այս մասին հունիսի 14-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է ճանապարհի այդ հատվածը շահագործման հանձնվելու:
«Փորձագետներն ուսումնասիրում են ճանապարհահատվածը, որպեսզի մանրամասն եզրակացություն կազմեն: Մենք պատրաստ ենք հաշվետու լինել ծախսված յուրաքանչյուր դրամի համար»,- հայտարարեց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 31 կիլոմետրանոց ճանապարհը հանդիսավորությամբ բացվեց անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին, սակայն մասնագետները մինչեւ հիմա ուսումնասիրում են շահագործմանը ճանապարհի պատրաստ լինելու հանգամանքը:
«Հյուսիս-Հարավ» մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման երթեւեկության ժամանակը, ինչպես նաեւ լեռնային մի շարք հատվածների ուղղման եւ նոր` ավելի ուղիղ ճանապարհահատվածների կառուցման հաշվին ճանապարհն այժմյան 556 կմ-ից կհասցնի 495 կմ-ի (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք):
Շինարարությունն ընդհանուր առմամբ շուրջ 960 մլն դոլար կարժենա: Նախագծի հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար): Նախապես ծրագրվում էր ամբողջությամբ բետոնե ճանապարհ կառուցել: Սակայն ապրիլի վերջին տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ որոշ հատվածներում ճանապարհն ասֆալտե կլինի:



























