Էլեկտրաէներգիայի սակագինը 2.5 դրամով նվազեցնելը ընդամենը մարդկանց աչքին թոզ փչել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Սիմվոլիկ, իմիտացիոն բնույթ է կրում, հատկապես քառօրյա պատերազմից հետո ժողովրդի աչքին թոզ փչելու պրոցես է»,- ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ սակագինը ամենաքիչը 7 դրամով պետք է նվազեցվեր:

«Սա չի արտացոլում իսկական վիճակը: Էլետրաէներգիայի սակագինը նվազեցնելը պայմանավորում են գազի սակագնի նվազեցումով: Իջեցնելու սահմանը մեխ էր, գոնե այնքան, որքան որ բարձրացվել էր նախորդ տարի»,- ասաց տնտեսագետը:

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի իր նիստում կքննարկի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը: ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: