Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը երկար է մտածել՝ մինչեւ համաձայնություն տալը:
«Կուսակցական որոշում է, որը ես մարսել եմ, ինքս շատ երկար մտածելուց հետո տվել եմ իմ վճռական համաձայնությունը: Ուզում եմ իմանաք, որ մասնակցությունս ձեւական չէ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Աշոտ Կուրղինյանը, որը Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենն է:
Կուրղինյանը իր հաղթելու հնարավորությունները շատ բարձր է գնահատում: Անդրադառնալով մասնագիտական գործունեությանը՝ ՀՅԴ-ական թեկնածուն նշեց, որ բժշկությունն այնպիսի մասնագիտություն է, որը քեզ հետ է ամբողջ կյանքի ընթացքում:
«Հնարավոր է՝ պրակտիկ բժշկությամբ չհաջողվի զբաղվել, պետք է մխրճվել գործի մեջ, իսկ գործը շատ է»,- ասաց Աշոտ Կուրղինյանը՝ վստահեցնելով, որ գյումրեցիներն իրեն շատ են սիրում:
Նշենք, որ Գյումրիում թեժ ՏԻՄ ընտրություններ են սպասվում, քանի որ շատ կուսակցություններ են պատրաստվում մասնակցել ընտրություններին: Իշխող կուսակցության ամենահավանական թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է:
Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում քաղաքային իշխանության ընտրակարգը փոխվել է, բնակիչներն ընտրելու են ավագանի, ինչպես Երեւանում։





























