Բաքվում ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայականի հայտնաբերման փաստի կապակցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների վերաբերմունքն ու մեկնաբանություններն ամբողջովին ի ցույց են դրել նրանց իրական դեմքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում գտել էին BC կարգի, «RG 052597» համարով վարորդական իրավունք, որը տրվել է ՀՀ քաղաքացի, 1982-ին ծնված Ալեքսանդր Առաքելյանին 2014–ի օգոստոսի 27-ին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վարորդական վկայականը, ամենայն հավանականությամբ, պատկանում է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, որը զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ։ «Բոլոր տվյալները համընկնում են: Բացի վկայականից, նաեւ Ալիկիս բոլոր փաստաթղթերը, ժամացույցը, գումարը, ավտոյի բանալիները ադրբեջանցիները վերցրել էին»,- NEWS.am-ի թղթակցին ասել էր զոհված փոխգնդապետի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:

Այսպիսով՝ պարզ է դառնում, թե ինչպես կարող էր վկայականը հայտնվել Բաքվում. այն իր հետ բերել էր նա, ով մասնակցել էր ապրիլյան պատերազմին, իսկ հետո դեն էր նետել։

Սակայն ադրբեջանական կողմը փորձել է ողբերգությունը ֆարսի վերածել։

Այսպես՝ haqqin.az կայքը փորձում է վարորդական վկայականը գտնելու փաստը «բացատրել» հետեւյալ  կերպ. «Ազգությամբ հայերին ոչ ոք երբեք չի արգելել մտնել Ադրբեջան, եւ  շատ հայեր հաճույքով օգտվում են այդ հնարավորությունից՝ ժամանելով ե՛ւ ուղիղ ճանապարհով, ե՛ւ երրորդ երկրների տարածքով կամ էլ ուրիշի փաստաթղթերով։ Նրանց այցի նպատակները տարբեր են՝ տեսնել ընկերներին, այցելել հարազատների գերեզմանները, լինել հարազատ վայրերում կամ համոզվել, որ Բաքուն եւ մյուս քաղաքներն օրըստօրե ծաղկում են։

Բնականաբար «յան»–ով ավարտվող ազգանուն ունեցող մարդիկ իրենց այցելությունները չեն բացահայտում ո՛չ մեզ մոտ, ո՛չ էլ բնակության վայրում»։

Հատկանշական է, որ հոդվածը լույս էր տեսել «Բաքվում Ալեքսան Առաքելյանին վարորդական իրավունք են տվել» վերնագրով, թեպետ հոդվածում հստակ նշված է, որ վարորդական իրավունքը տրվել է ՀՀ իշխանությունների կողմից։

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար Սուլհեդդին Աքփերը կայքին տված հարցազրույցում հաստատել է, որ «հայերի համար Ադրբեջան մուտքի արգելք սահմանված չէ գոնե այն պատճառով, որ մեր երկիրը միացել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տասնյակ միջազգային եւ եվրոպական կոնվենցիաների, եւ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար ապահովում է ազատ տեղաշարժի իրավունքը։

«Սակայն չի կարելի մոռանալ այն, որ երկրի ռազմական դոկտրինի համաձայն՝ Հայաստանը Ադրբեջանի թշնամին է, այդ պատճառով նրա քաղաքացիների նկատմամբ մենք պետք է յուրահատուկ մոտեցում ունենանք։ Ցանկացած դեպքում այդ հարցի քննարկումը եւ որոշումներ ընդունելը երկրի հատուկ ծառայությունների առաջադրանքն է»,– ասել է պաշտոնյան։

Մեկ այլ փորձագետ, պետական անվտանգության մարմինների նախկին աշխատակից Արասթուն Օրջուլուն կարծում է, որ ՀՀ քաղաքացու վարորդական իրավունք հայտնաբերելու փաստն առհասարակ չի վկայում այն մասին, որ քաղաքացին ինքը Բաքվում է։ «Միգուցե, մեր քաղաքացիներից մեկը գտել է դա արտասահմանում եւ իր հետ տուն բերել, իսկ հետո դեն է նետել այն»,– իրականությանը մոտ վարկած է առաջ քաշել նախկին պաշտոնյան։

Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալը նույնպես պնդում է, որ ինչ–ինչ պատճառներով Բաքվում գտնվող հայերով պետք է զբաղվեն բացառապես հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները։