Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում մայիսի 15-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության եւ դրան հաջորդած դանակահարության գործով կալանավորված Արթուր Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մեղադրյալի պաշտպան Վահե Մարգարյանը:

«Արթուր Բաբայանն ընդունում է, որ դեպքի վայրում է եղել, սակայն պնդում է, որ մնացած գործողություններին չի մասնակցել, մահակներով զինված չի եղել»,- ասաց Վահե Մարգարյանը:

Նշենք, որ Արթուր Բաբայանը նույնպես վիրավորվել էր վիճաբանության ժամանակ: Ըստ փաստաբանի՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, իսկ կալանավորելու որոշում է կայացվել, երբ նա դեռ հիվանդանոցում պառկած է եղել:

«Ես բողոքարկեցի որոշումը, սակայն դատախազի պնդմամբ, իմ պաշտպանյալի վիճակը բավարար է: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. մայիսի 15-ին ժամը 23:15-ի սահմաններում «Եղեգնաձոր ԲԿ» են տեղափոխվել Եղեգնաձոր բնակիչներ 25-ամյա Ս. Հարությունյանը՝ «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 22-ամյա Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, եւ Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։  Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Նույն գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Վայք» ԲԿ են տեղափոխվել, եղբայրներ 25-ամյա Էդգար եւ 30-ամյա Արթուր  Բաբայանները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Եղեգնաձորի Երեւանյան խճուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բացի այդ, պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Եղեգնաձորի բնակիչ, 45-ամյա Հ.Հովակիմյանը, որը բժշկական կենտրոն չի դիմել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104–րդ 2-րդ մասի 1-ին կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Մեր տեղեկություններով՝ գործով կան մեղադրյալներ: