Հարկային նոր օրենսգրքով, որի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում, փոքր ու միջին ձեռնարկությունները առավելություններ չեն ստանում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կասեցում» շարժման ներկայացուցիչներ Սամսոն Գրիգորյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են հետ կանչել Հարկային օենսգիրքը:

«Հարկային նոր օրենսգրքով ուզում են ԱԱՀ-ի շեմն իջեցնել 40 միլիոն դրամի: Ավելացված արժեք հասկացությունը չի կարող մանր բիզնեսի համար լինել աշխատելու միջոց: Դրա համար պետք են լավ իրավաբաններ, հաշվապահներ, որը փոքր բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ»,- ասաց Սամսոն Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ նոր օրենսգրքով մեծ հնարավորություններ են դրված տեսուչների, ՊԵԿ-ի աշխատակիցների վրա: Ըստ Գրիգորյանը, թեեւ կոռուպցիա դեմ պայքարի մասին է խոսվում, նոր օրենսգրքով խթանում են կոռուպցիան: 

«Ամպագորգոռ բառեր են ասում` կոռուպցիայի, մոնոպոլիայի դեմ պայքարի մասին, բայց ամեն օր շփվելով դրա հետ, մենք տեսնում ենք, որ ապրանք ներմուծողներից բազմաթիվ անհարկի ու անիմաստ թղթեր են պահանջում: Մինչեւ հիմա փոքր բիզնեսը միջնորդների օգնությամբ էր կատարում ներմուծումը եւ ազատվում այդ քաշքշուկներից: Կառավարության հայտարարություններից հետո փորձեցինք օրինական դաշտում աշխատել, բայց կանգնեցինք այնպիսի խնդիրների առջեւ, որ չենք կարողանում հաղթահարել: Մանր-մունր թղթեր հավաքելու վրա երկար ժամանակ է գնում, իսկ նրանք, ովքեր գնում են են անօրինական ճանապարհով, երկու օրում ամեն ինչ հարթում են»,- ասաց նա:

Սամսոն Գրիգորյանը նշեց, որ օրենսգրքի նախագծի քննարկմանը իրենք մասնակցել են, սակայն դժգոհ են այդ քննարկումներից, քանի որ, նրա խոսքով, ներկայացված են եղել ՀԿ-ներ, որոնք ձեւական գործառույթներ են իրականացրել, չեն գործել ՓՄՁ-ների շահերից: