Վերջին հինգ տարիներին առաջին անգամ Ախուրյանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ այդ ջրամբարը լցվել է 2010 եւ 2011 թվականներին՝ 562.1 մլն խմ եւ 552 մլն խմ ծավալներով՝ համապատասխանաբար: Իսկ այս տարվա հունիսի 13-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմում է 536.93 մլն խմ, որը նախորդ տարվա առավելագույն 490.12 մլն խմ լցվածության համեմատ ավելի է 46.81 մլն խմ-ով:

Նշենք, որ Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին: Ջրամբարի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963թ-ի ապրիլի 25-ին՝ խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Շահագործման հանձնվել է 1982 թ.-ին: Ընդհանուր ծավալը 525 մլն խմ է:

Ախուրյանի ջրամբարից եւ Արաքս գետից ջրառ է իրականացվում թուրքական կողմի հետ հավասար համամասնությամբ, որը վերահսկվում է անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ միջպետական մշտական հանձնաժողովի կողմից:

Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Շիրակի եւ Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը: