Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության մեջ մեղադրվում Արթուր Մկրտումյանը պնդում է, որ այդ օրվա հետ կապված ոչինչ չի հիշում:
«Արթուրը դատարանում էլ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ չի հիշում, թե ինքը սպանություն կատարած լինի: Այդ օրվա հետ կապված ոչինչ չի հիշում ինքը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Մկրտումյանի փաստաբան Աննա Մեժլումյանը:
Փաստաբանը դատաքննության ընթացքում միջնորդել էր դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը: Նախաքննության ընթացքում արված փորձաքննությամբ Արթուր Մկրտումյանը մեղսունակ է ճանաչվել:
Նշենք, որ այս գործը քննվում է Տավուշի մարզի իրավասության դատարանում: Դատաքննությունն արդեն ավարտվել է, հունիսի 23-ին ճառով հանդես կգա մեղադրող կողմը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է:




























