Առաջին անգամ չէ, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությամբ տեղի է ունենում Սարգսյան-Ալիեւ հանդիպում, որեւէ տարաձայնության մասին խոսք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանում հունիսի 20-ին կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը:

Նրա խոսքով, այդ հայտարարությունը նշանակում է մի բան, որ կազմակերպիչը ռուսական կողմն է, իսկ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

«Առաջին անգամը չէ, որ համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ, եւ օգտվելով առիթից, որ այդ ժամանակ տեղի է ունենում այլ միջոցառում, իսկ Սանկտ Պետերբուրգում այդ ժամանակ այլ միջոցառում կա, կլինի նման հանդիպում: Այստեղ որեւէ տարաձայնություն չկա: Առաջին անգամը չէ, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունենում, նույնը ժամանակին եղել է նաեւ ֆրանսիական կողմի, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ անհանգստանալու խնդիր կա»,-ասաց նա:

Շարնազանովի խոսքով, մեկ անգամ չէ, որ եռանախագահող երկրները ամենաբարձր մակարդակով նշել են, որ ղարաբաղյան հարցում ունեն միասնական դիրքորոշում. «Եթե հիշում եք, եւ Լավրովը, եւ Քերրին երբ խոսում էին, ասում էին, որ խոսում են իրենց գործընկերների անունից: Պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունները եւ ոչ կառուցողական հայտարարություններ անել, այդ թվում նախագահի մակարդակով: Ես չեմ կարծում, որ իրականությունից հեռու նման գնահատականները օժանդակում են բանակցային գործընթացի առաջընթացին»:

Նրա խոսքով, առաջընթաց արձանագրելու համար կողմերը պետք է հարգեն այն երեք սկզբունքները, որոնք ընդունել են բանակցային գործընթացում: «Ինչ եմ ակնկալում, չեմ կարող ասել: Ամեն դեպքում բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը»,-ընդգծեց Շարմազանովը: