Կամ պիտի դուռը շրխկացնենք, որը ճիշտ չեմ համարում, դա դեմարշ կլինի, կամ պիտի աստիճանաբար աշխատենք եւ հասնենք նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազովը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րը կլինի հայկական կողմի արձագանքը, եթե Ղարաբաղն այնդեպս էլ չմիանա բանակցություններին:
«Առաջին անգամ չէ, որ հայկական կողմերն ասել են, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Իհարկե, Ղարաբաղն այսօր ներգրավված է բանակցություններին, բայց ոչ որպես լիարժեք կողմ: Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի կարեւորագույն վերջնական փուլում Ղարաբաղը պետք է դառնա կողմ: Առանց Ղարաբաղի անհնար է լուծել այս խնդիրը:Եթե համանախագահները խոսում են 1994-ի զինադադարի անժամկետ լինելու մասին, ապա պետք է ասենք, որ 1994-ի զինադադարը կնքել են նախեւառաջ ԼՂՀ-ն»,-ընդգծեց նա:





























