Նորածնի առք ու վաճառքի մեջ մեղադրվող, Երեւանի «Արամյանց» ԲԿ-ի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա պաշտպան Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանը հարուցված քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է:

Խաչատրյանի մյուս պաշտպանը՝ Հերմինե Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին վիճարկվում է բուժքրոջ ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը:

«Իմ պաշտպանյալը հունիսի 8-ին որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով քննիչի մոտ: Ժամը 10:30-ին հրավիրել են Քննչական կոմիտե, որտեղ բացարձակապես ոչ մի գործողություն նրա նկատմամբ չի կատարվել եւ 6 ժամ 15 րոպե ինքը եղել է անազատության մեջ»,- ասաց Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իրենք արդեն դիմել են դատարան:

Նշենք, որ հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրթյունը չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին: