Եթե Վահե Էնֆիաջյանն ինձ նկատի ուներ, ապա պատասխանում իրեն նկատի ունեմ. կյանքում այսպես է ընդունված, բարոյական օրենքներից խոսում են դրանից զուրկ մարդիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով նախօրեին իր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:
«Խոսում են արժանապատվության համակարգից, համարձակ լինելուց: Լավագույն հնարավորությունները եղել է այդ համարձակությունը ցույց տալու: Այնպես որ թաքցնելու բան չի: Ես չեմ ուզում որեւէ մեկին ազգային հերոս դարձնել այս բանավեճի մեջ եւ սրան էլ չեմ անդրադառնալու: Ոմանց համար հետաքրքիր ա պորտից ներքեւ գործողություններ` հարվածել, խաղալ, ես ինչ անեմ»,-ասաց Այվազյանը:
Նրա խոսքով, ինքը 20 տարի եղել է ԱԺ պատգամավոր եւ որեւէ մեկին չի վիրավորել. «Բոլորն իմ արժեքային համակարգը գիտեն: Ես որեւէ մեկին առանձին չեմ վիրավորել, ոչ էլ փորձել եմ որեւէ մեկին դասեր տալ: Եթե իմ տեսակետը ձեզ չի բավարարում, դա ինձ թույլ չի տալիս որպեսզի ես ոտնձգություն կատարեմ քո տեսակետի վրա: Բայց երբ դուք տեսակետ արտահայտելիս փորձում եք ինձ հարվածել, բնականաբար ես էլ... նենց բան չեմ: Ես հարվածին հարվածով պատասխանեցի: Ես կարող եմ ցանկացած խոսակցություն ցանկացած տեղում խոսել: Ունեմ լավագույն հնարավորությունը, բոլորն էլ գիտեն՝ ինչն ինչոց է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթում նշել էր. «Այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունե՞ք, որ հասկանաք»:
Դրան ավելի ուշ արձագանքել էր Վարդան Այվազյանը՝ նշելով. «Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը, մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում դա վերածվում է քաղաքական բճության, բիճ ա դառնում, պապա է ման գալիս, ճուտ: Հետո որ ընկնում է ինքն այդ իրավիճակի մեջ, հատկապես երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար ինքը պետք է ցույց տա, որ ընդդիմադիր կեցվածք ունի մեկ ու մեջ»:





























