Հայաստանում առաջին հերթին պետք է ապաքաղաքականացնել մամուլը, այնուհետեւ մտածել ոլորտը կարգավորելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 2-ին Հայաստանում գործող տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարների այն հայտարարությանը, թե որպես առցանց լրատվամիջոց հանդես եկողների «մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքներից»։
«Ակնհայտ է, որ խնդիրները շատ են, որոնք կարող են հանգեցնել մամուլի սնանկացման: Մարդիկ գումարներ են ծախսում, լուրջ գործ են անում, բայց ինչ-որ պորտաբույծներ գողանում են նրանց աշխատանքը: Բայց այս հայտարարությունն ունի թույլ կետեր, օրինակ այն, որ հայտարարությունը ստորագրողների մեջ կան լրատվամիջոցներ, որոնց դեմ է ուղղված այս հայտարարությունը, իրենք էլ են գողությամբ զբաղվում եւ դա թուլացնում է այդ հայտարարության ազդեցությունը: Կան լրատվամիջոցներ, որոնք դաշտում նորմալ գրանցված են, բայց գողությամբ են զբաղված, այս առումով ոլորտը կարգավորելը շատ դժվար է, որովհետեւ լրատվականը եւ կուսակցականը խառնված են եւ պետք է մամուլն ապաքաղաքականացվի»,-ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հայտարարությունը թուլացնում է այն, որ դրա տակ ստորագրել են տպագիր եւ առցանց լրատվամիջոցները. «Պետք է տարանջատել տպագիր ու առցանց մամուլը, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում տպագիր մամուլն ապագա չունի, կամ էլ շատ կարճ կյանք ունի եւ պետք է միգրացիա կատարել դեպի առցանց լրատվամիջոցներ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների 15 ղեկավարներ («Ազգ» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ (նաեւ Aravot.am), «168 ժամ» թերթ (նաեւ 168.am), «Ժամանակ» օրաթերթ (նաեւ 1in.am), «Ժողովուրդ» օրաթերթ (նաեւ ArmLur.am), <Իրատես» թերթ (նաեւ irates.am), «Հայկական ժամանակ» օրաթերթ ( նաեւ armtimes.com), «Հրապարակ» օրաթերթ (նաեւ Hraparak.am), «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն» թերթ (նաեւ chi.am), yerkir.am, panorama.am, A1plus.am, «Հետք») մասնավորապես պահանջում են
1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:
2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։
3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաեւ հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր եւս կիրականացվեն։




























