Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի պաշտպան Արման Թամրազյանը պնդում է, որ իր պաշտպանյալին կալանքի տակ են պահում առանց բավարար հիմքերի:
«Մեղադրանքները լրիվ ապօրինի են, ինքը կատարել է իր պաշտոնից բխող բոլոր գործողությունները, սակայն մեղադրանք է առաջադրվել, թե չի կատարել»,- ասաց պատպանը:
Պաշտպանի խոսքով՝ դեպքով հարուցված քրեական գործով հարցաքննվել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարը, վերահսկողության վարչության պետը, առգրավվել են Սամվել Խաչատրյանի կողմից կազմված զեկուցագրերը՝ չարաշահումների եւ գերշահույթի վերաբերյալ:
«Հաստատված է, որ նա տեղեկացրել է այդ խախտումների մասին իր վերադասներին, ստացել է ցուցում, որ ուղարկի նյութերը դատախազություն, սակայն միայն գնագոյացան փաստաթղթերը ստանալուց հետո: Հիմա իրեն մեղադրում են, ասում են՝ դու գումար ես պահանջել ու խոստացել, որ անբարենպաստ կերպով կզեկուցես, այնինչ ինքը արդեն զեկուցել է»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ նույն քրեական գործով կալանավորված է նաեւ նախարարության ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ ռանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով:
Ըստ ՔԿ տվյալների՝ Սամվել Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ ՍՊ ընկերությունը 06.11.2015թ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել։ Ընկերության գերշահույթ ստանալու վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց, նա գլխավոր մասնագետ Ա.Ղարիբջանյանի միջոցով ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումար կաշառք: Ղարիբջանյանը մարտի սկզբին հանդիպել է Ս. Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը:





























