Նորածնին գնելու մեջ կասկածվող, Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա պաշտպանը՝ Վահան Հովհաննիսյանը:

Քրիստինե Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

«Իմ պաշտպանյալը ցուցմունքներ է տվել: Այլ բան ասել այս պահին չեմ կարող, քանի որ նախաքննություն է ընթանում»,- ասաց փաստաբանը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, երեխան այժմ գտնվում է Քրիստինեի մոտ, քանի որ քրեական գործում այս ուղղությամբ որեւէ բան չի կարող ձեռնարկվել. «Քրեական օրենսգրքում նման կարգավորում չկա: Հարցը կարող է կարգավորվել հետագայում, եթե մեկը հայց ներկայացնի երեխայի խնամքի հետ կապված՝ քաղաքացիա-իրավական հարաբերությունների շրջանակում»:

Նշենք, որ ծննդյան վկայականով երեխայի ծնողներն են Քրիստինեն ու նրա ամուսինը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրթյունը չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին: