ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը դեմ է եղել հարկային օրենսգրքին, բայց կողմ է քվեարկել:

«Գիտեք, այսօր կարողացել եմ ուշադիր նայել կառավարության մոտեցումները, որոնք որ ճիշտ են և այս օրենսգրքին չեն համապատասխանում: Բայց այս հակասությունների համար հարկատուն չպետք է պատասխան տա: Մենք քննարկել ենք այդ հակասությունները: Մեկը բարձրաձայնում է դրանք, մյուսը՝ ոչ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ փակ քննարկումներից դուրս գալուց հետո:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, նաև գործարարներ:

Հակոբյանը նշել է, որ ներսում կառուցողական քննարկում է ընթանում եւ արդեն իսկ որոշ լուծումներ փորձում են գտնել: 

Լրագրողների հարցին, թե որ դրույթի շուրջ են համաձայնության եկել, նա պատասխանեց. «Օրինակ 5-րդ հոդվածի 5-6-րդ կետերի շուրջ համաձայնության ենք եկել, որտեղ ճշտվում է հարկատուի եւ ստուգող մարմինների անհամաձայնությունների դեպքում՝ առաջնայնությունը: Սա շատ կոնցեպտուալ խնդիր է, եթե օրենքների մեջ կան հակասություններ, դրա համար գործատուն չպետք է պատասխան տա»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է կողմ քվեարկել Հարկային օրենսգրքին, երբ սուր քննադատության էր ենթարկում այն, նա արձագանքել է. «Ես կողմ քվեարկեցի, ասելով, որ, այո, համամիտ եմ սկզբունքներին, բայց այս ամենը պիտի փոխվի: Օրենսգրքի փիլիսոփայությանը ես կողմ եմ: Այնտեղ կան դրույթներ, որոնք ճիշտ են, բայց կան նաեւ բավական դրույթներ, որոնք սխալ են: Հիմա ի՞նչ պետք է անել, սխալը ուղղե՞լ, թե ընդհանրապես հրաժարվել ճշտից»: