Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը որդու մահվանից 6 տարի անց ստացել է նրա սեւ բերետը: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի մայրը՝ Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ բերետը հանձնել են նախարարության աշխատակիցները հունիսի 14-ին: «Հետախույզ է եղել որդիս, ամբողջ զորամասից 15-ին են ընտրում, իմ տղային են ընտրել, նա քննություն է տվել, սեւ գոտու է արժանացել, որը նոր տալիս են ինձ, պահում, չէի տալիս, որ իրենց կեղտերը չբացահայտվեն: Իրենք ասում էին՝ տղաս ուռուցք է ունեցել, ոնց կարար քնություն տա, սեւ գոտու արժանացած տղան հիվանդ լիներ»,- ասաց Իրինա Ղազարյանը:
Իրինա Ղազարյանը նշեց, որ որդու սեւ բերետի մասին իրեն ասել է նրա զառայակիցներից մեկը, մոտ երկու տարի առաջ: Այդ օրվանից նա սպասել է, որ բերետը հանձնեն իրեն:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի, նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով:





























