Այն փաստը, որ վերսկսվում է 4+4+4 ձեւաչափով քննարկումները, արդեն կարելի է ենթադրել, որ կոնսենսուսի հասնելու հիմքեր կան, հակառակ դեպքում չէր սկսվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք համաձայնությունների արդյունքում տեղյակ լինել, թե որ ընտրատեղամասում ովքեր են մասնակցել ընտրություններին»,-ասաց Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ակնլալում են, որ իշխանությունը իրենց ամենաառանցքային պահանջի՝ քվերակված ցուցակների հրապարակմանը կհամաձայնի:
«Սա ոչ մեր առաջարկած տարբերակն է, ոչ էլ իշխանության առաջարկածը: Համաձայնությունը կկայանա, կտեսնեք՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե հնարավոր է կոնսենսուս լինի տասը մատի մատնահետքը վերցնելու առաջարկի շուրջ եւ այսքանով ավարտվի, Ջհանգիրյանն ասաց. «Ես կարծում եմ ՝ էստեղ էլ համաձայնություն կկայանա, եթե ոչ հարյուր տոկոսով, ամեն դեպքում հստակ հնարավոր կլինի նույնականացնել քվեարկողին»:
Դիտարկմանը, թե այս առաջարկի վրա կենտրոնանալը արդյոք չի նշանակում, որ շեղվել են իրենց հինգ պահանջներից, ասաց. «Կարծում եմ՝ բովանդակային առումով շեղումներ չենք ունենա, իհարկե ամբողջ ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնություն չի լինի, բայց վերահսկողական մեխանիզմների շուրջ հուսանք կլինի»
Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ հիմքեր ունի ենթադրելու, որ համաձայնությունը կկայանա:
Նշենք, որ կոնսենսուսի դեպքում միջազգային կառույցները կաջակցեն ընտրություններին վերահսկողական մեխանիզմներ ու ֆինանսական միջացներ տրամադրելով:





























