Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացում է Կրեմլի հովանու ներքո Ալիեւ-Սարգսյան հանդիպման կազմակերպումը, որովհետեւ Մոսկվային հաջողվեց շանտաժի ենթարկելով հայկական կողմին, ԼՂ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթությունից փորձել տեղափոխել ռուսական հարթակ: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով, այս քայլով «փոխզիջումների հիման վրա լուծման փիլիսոփայությունը տեղափոխվում է հայկական շահերի հաշվին ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ»:
Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմը պետք է հրաժարվեր այս հանդիպումից. «Այստեղ ցանկացած պատրվակ ու պատճառ արդարացված կլիներ, բայց հայկական կողմը իրավիճակից ելքեր փնտրելու փոխարեն, փնտրեց ու գտավ մուտքը դեպի այդ պրոբլեմներ՝ ինքն իրեն դնելով շատ վտանգավոր հարթության վրա: Սա շատ մեծ վտանգի տակ է դնում քառօրյա պատերազմի զինվորի քաջության հաշվին ձեռք բերած հաջողությունը, վտանգի տակ է դնում Վիեննայի հանդիպման ժամանակ ձեռքբերված դիվանագիտական հաջողությունը: Այդ հանդիպման արդյունքում փաստաթղթերում տեղ էր գտել հայկական ձեւակերպումների մի մասը: Փաստորեն սա մի քայլ է, որը ջուր է լցնում ադրբեջանական եւ ռուսական համատեղ ջրաղացին: Իսկ որ դա համատեղ ջրաղաց է, գոնե ապրի 2-ի գիշերը սկսեց ուրվագծվել»:
Ռուբեն Մեհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք եռակողմ հանդիպմանը հայկական կողմին պարտադրելու են զիջումներ, ընդ որում, զիջումներ, որի արդյունքում կմեծանա ռուսական ներկայությունը տարածաշրջանում առաջին հերթին Հայաստանում, դրա դիմաց չստանալով ոչինչ:
«Հայաստանի խնդիրը պետք է լիներ Ղարաբաղը դարձնել բանակցային կողմ, իսկ երկարաժամկետ ռազմավարության առումով հասնել ԼՂՀ անկախության ճանաչմանը, բայց այդ տարբերակի հիմնական թշնամին Ադրբեջանից հետո Ռուսաստանն է: Հայաստանը, ցավոք, թույլ տվեց, որ գործընթացը զարգանա ամենաարատավոր սցենարով: Այս պայմաններում, ԵԱՀԿ-ն, բնականաբար, պետք է ձեռքերը լվանար»,-ընդգծեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ-ն նման սուր կերպով արտահայտվեց այդ հանդիպման վերաբերյալ, քաղաքագետը պատասխանեց. «Որովհետեւ խախտվել են պայմանավորվածություններ: Խախտել է Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, խախտել է Ադրբեջանը եւ այդ խախտողները ստիպել են Հայաստանին, որ Հայաստանը եւս միանա այդ խախտողների շարքին: Տարբերությունն այն է, որ եթե առաջին երկուսը դա արել են, որովհետեւ դա բխում էր իրենց բռնապետական ռեժիմների շահերից, ահա Հայաստանի պարագայում անկախ իշխանության որակից, այդ քայլը ուղղակի հակացուցված էր Հայաստանի շահերին»:
Իսկ հայկական կողմը կկարողանա՞ դիմակայել հնարավոր բացասական զարգացումներին, արցին էլ արձագանքեց. « Քաղաքական կամքի դեպքում Հայաստանն ամեն ինչ էլ կարող էր անել, բայց մենք տեսնում ենք քաղաքական կամքի բացակայություն: Հայկական դիվանագիտության փալասային ավանդույթը շարունակվում է՝ ստանալով ավելի վտանգավոր ու չարորակ դրսեւորումներ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցով առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ եռակողմ հանդիպում է անցկացվելու:
Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչ նշել էր, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը: «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներում, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքան գիտենք՝ այն կազմակերպվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դուք պետք է ձեր հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին»,-ասել էր նա:





























