Հունիսի 15-ին Արարատի մարզի քաղցրաշենցիների մթերած խաղողի դիմաց կուտակված պարտքի վճարման վերջնաժամկետն էր, սակայն, գյուղացիներն այդպես էլ չստացան իրենց գումարը: NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցիները նշեցին, որ կսպասեն մինչեւ հունիսի 20-ը, որից հետո կրկին կդիմեն ծայրահեղ քայլերի՝ կփակեն Երեւան-Արտաշատ ճանապարհը:

«Եթե մեր գումարը չտան, մենք կփակենք ճանապարհը, բողոքի ակցիաներ կանենք, արդեն քանի ամիս է` գինեգործը խաբում է բոլորիս, ամեն անգամ ինչ-որ վերջնաժամկետ է նշում, բայց էլի չի տալիս մեր գումարը: Մենք արդեն չենք էլ հավատում, որ մեր գումարը կտա, ինքն էլ գումար չունի, սպասում է, որ իրեն վարկ տան, որ կարողանա մեր պարտքը տալ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղցրաշենցի խաղողագործներից Հրանտը:

Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հունիսի 3-ին մասամբ ստացել են դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ խաղողագործներին մինչեւ հունիսի 12-ը կվճարվի մթերված խաղողի դիմաց կուտակված պարտքի մի մասը: Նա ասել էր, որ վերամշակող ընկերությունները 31.5 միլիարդ դրամի խաղող են մթերել, խաղողագործներին 1.6 միլիարդ դրամ են պարտք:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: