Հայաստանում եւ Վրաստանում սննդամթերքի գների ինդեքսը գրեթե երկու անգամ ավելին է, քան մի շարք զարգացած երկիրներում, օրինակ՝ Եվրոպայի պետություններում եւ ԱՄՆ-ում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օքսֆամ միջազգային կազմակերպության պարենային անվտանգության հարցերով տարածաշրջանային ծրագրի ղեկավար Բենուա Թրուդելը:
Սննդի տեղական գների ինդեքսը հաշվարկվում է՝ հաշվի առնելով բնակչության գնողունակության եւ սպառողական զամբյուղի արժեքի տվյալները: Հայաստանում սննդամթերքի գների ինդեքսը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի տարածաշրջանում պարենային անվտանգության բարձրացումը՝ ազգային ռազմավարության եւ մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակում անցկացված հետազոտության համաձայն, կազմել է 1.89, Վրաստանում՝ 1.74, Ադրբեջանում՝ 1.97: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում նույն ինդեքսը կազմում է 1.00, Ֆրանսիայում՝ 1.06, Գերմանիայում՝ 1.1, Մեծ Բրիտանիայում՝ 1.2:
Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասով միջին ինդեքսը կազմում է 1.64: Սա նշանակում է, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում մարդիկ իրենց ունեցած գումարից գրեթե երկու անգամ ավելի են ծախսում, քան զարգացած երկրներում:
Հայաստանում Օքսֆամի անցկացրած հետազոտության համաձայն, հիմնական մթերքների գները 5 տարվա ընթացքում (2009-2013 թ.թ.) աճել են 24%-ով: Ընդ որում, ամենաշատը թանկացել են յուղը, տավարի եւ ոչխարի միսը, «Լոռի» եւ «Չանախ» պանիրները, խնձորը, բարձրակարգ ալյուրը, կարտոֆիլը, շաքարավազը: Հետաքրքիր է, որ նշված մթերքի 80%-ն արտադրվում է Հայաստանում:
Բենուա Թրուդելի խոսքով, եթե մարդկանց գումարը չի բավականացնում ուտելիք գնելու համար, նրանք ստիպված են լինում ավելի էժան ու անորակ սնունդ գնել, որոնցում բավականաչափ վիտամիններ, երկաթ եւ օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութեր չկան: Այդպիսի սնունդը բացասական ազդեցություն է ունենում բնակչության, հատկապես՝ երեխաների առողջության վրա:



























