Քննարկումները ձգձգվեցին, բայց պետք չէ գրգռվել: Այս մասին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավոր, իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ փորձելով հանգստացնել գործընկերոջը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
4+4+4 ձեւաչափով (իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն) Ընտրական օրենսգրքի վերսկսված քննարկումների ժամանակ, 1.5 ժամ տեւած երեկոյան նիստից հետ, ոչ բոլոր մասնակիցների նյարդերը դիմացան:
«Մենք այստեղ քաղաքական փաստաթուղթ ենք քննարկում: Իսկ դուք մեզ ասում եք, եթե այստեղ այսպես լինի, ուրեմն այսպես կլինի, իսկ եթե այսպես, ուրեմն՝ այսպես: Ինչպե՞ս կարելի է ժամերով նույն բանը կրկնել: Չեմ կարողանում հասկանալ, թե որն է նույն տեղում դոփելու իմաստը»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ Սահակյանը հայտարարեց. «Խնայեք ձեր խոսակցական ապարատը, տիկին Զոհրաբյան: Շարունակում ենք նիստը»:





























