Պետությունն առաջարկել է Հայաստանում 2.58 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Առաջարկությունը ներկայացրել է էլեկտրաէներգիայի շուկան կարգավորող Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Այսպիսով, ցերեկային սակագինը 48.78 դրամից կհասնի 46.20 դրամի, գիշերայինը՝ 38.78 դրամից կդառնա 36.20 դրամ: Բայց, ամեն դեպքում, վաղ է ուրախանալ: Հնարավոր է՝ 2.58 դրամ ստանալով՝ ստիպված կլինենք երեք անգամ ավելի վճարել:

2015 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքը 6.93 դրամով թանկացավ: Տարբերությունը սուբսիդավորում են Հայաստանի կառավարությունը եւ «Տաշիր գրուպ»-ը («Էլցանցերի» նոր սեփականատերը): Սուբսիդավորումը նախատեսված է մեկ տարվա համար՝ մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը: Առայժմ հայտնի չէ, այն կերկարաձգվի, թե՞ ոչ:

Եթե չերկարաձգվի, ապա 2.58 դրամ ստանալով՝ ստիպված կլինենք 6.93 դրամ վճարել: Իսկ 4.35 դրամի տարբերությունը կլինի ո՛չ սպառողի օգտին: Եթե երեւանյան միջին ընտանիքն ամսական շուրջ 20 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ծախսում, ապա ստիպված կլինի 900 դրամից քիչ պակաս ավելի վճարել:

Հայաստանի Էներգետիկայի նախարարությունում NEWS.am-ին տեղեկացրեցին, որ առայժմ որեւէ տեղեկություն չունեն սուբսիդիայի երկարաձգման շուրջ քննարկումների մասին:

Եթե բնակչության հետ կապված հարցը դեռեւս որոշված չէ, ապա գոնե բիզնեսը միանշանակ կշահի, քանի որ սուբսիդիա չի ստանում: