Ընտրացուցակներում քվեարկածների համարները կտրամադրվեն ինչպես տեղամասային, այնպես էլ տարածքային ընտրատեղամասերին: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում 4+4+4 ձեւաչափով (իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն) Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կարող է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը վստահված անձինք չունենա ընտրատեղասերում, որոնք կկարողանան այդ ցուցակները ստանալ քվեարկությունից անմիջապես հետո: Ամեն դեպքում, ըստ Հարությունյանի, իշխանությունները պատրաստ են համաձայնել տրամադրել այդ ցուցակները նաեւ տեղամասային հանձնաժողովների մակարդակով:
Նշենք, որ իշխանությունները հրաժարվում են տրամադրել քվեարկած քաղաքացիների պաշտոնական ցուցակները՝ վկայակոչելով ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի պահանջն այն մասին, որ ընտրական գաղտնիքը ոչ միայն ընտրողի ընտրությունն է, այլ նաեւ նրա մասնակցելու կամ չմասնակցելու փաստը:
Ամեն դեպքում, իշխանությունները համաձայն են քաղաքական կուսակցությունների վստահված անձանց տրամադրել քվեարկած ընտրողների համարները (հետագայում հնարավոր է նրանց անունն ու ազգանունը վերականգնել ընտրացուցակներով): Սակայն Վենետիկի հանձնաժողովի պահանջը չխախտելու համար, այդ փաստաթղթերը պաշտոնական չեն համարվի:





























