Կարեւորն այն է, որ Ընտրական օրենսգրքի մեր պահանջների շուրջ հասնենք մի այնպիսի համաձայնության, որը բերելու է միջազգային հարության աջակցության: Այս մասին այսօր Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նշենք, որ հունիսի 15-ից վերսկսվել է Ընտրական օպրենսգրքի 4+4+4 ձեւաչափով քննարկումը: Իշխանությունը ներկայացրել էր ընդդիմության պահանջներից չորս կետերի շուրջ համանաձայնություն կայացնելու նախագիծը, ինչը թեեւ մինչեւ ուշ գիշեր քննարկվեց, սակայն  համաձայնության փուլը տեղափոխվեց  հաջորդ օրը:  Այս նախագծով իշխանությունը պնդում էր, որ  ընդդիմության եւ քաղհասարակությանն ներկայացրած 5 պահանջներից 4-ը ընդունվել է բացի ռեյտինգային ընտրակարգը վերանայելու պահանջից:

NEWS.am-ի հարցին, թե ՀԱԿ-ին բավարարո՞ւմ է, որ իրենց գլխավոր` քվեարկված ցուցակները հրապարակելու պահանջը իշխանությունը ընդունված է համարում այնքանով, որ թույլ է տալու ընդամենը 20 րոպեով ծանոթանալ ցուցակներին, Լեւոն Զուրաբյանը  պատասխանեց.

«Սա չի կարելի համարել լրիվ բավարար լուծում, բայց եթե քաղաքացիական  հասարակության հետ միասին կազմակերպենք մի գործընթաց, ըստ որի շատ կանոնակագված ձեւով համաձայն այս նոր դրույթների կհավաքենք բոլոր  տեղամասերից համարները,  իսկ կուսակցությանը իրենք պարտավոր են տալ բոլոր տեղամասերի համարները եւ համատեղ ջանքերով վերածում ենք անվանական ցուցակների, դնում ինտերնետում եւ ամբողջ  հայ ազգը  հնարավորություն է ստանում  տեսնել` ով է քվեարկում, ով` ոչ»,- ասել է Զուրաբյանը:

Ի տարբերություն ընդդիմադիրների`  քաղհասարակության ներկայացուցիչների համար ընդունելի չէր  քվերակված ցուցակների հրապարակման ներկայացված այլընտրանքային լուծումը: Հարցին, թե հնարավո՞ր է կոնսենսուսը ընդդիմության եւ իշխանության միջեւ  կայանա առանց քաղհասարակության համաձայնության, Զուրաբյանը պատասխանեց.

«Չի կարող լիակատար համաձայնություն լինել: Քաղհասարակության մեջ էլ տարբեր մոտեցումներ կան, ես չեմ կարող ասել, որ բոլոր անհամաձայնությունները հարթված են: Մենք էլ, քաղաքացիական հասարակությունն էլ պահանջում է, որ ցուցակների հանձնումը լինի պաշտոնական, հիմա տեքստում գտել ենք  այդ տերմինը` «պաշտոնապես  ստանալ այդ ցուցակները», բայց այն մեկնաբանությունը, որ տվեց  Դավիթ Հարությունյանը Տիգրան Եգորյանին չբավարարեց, թե պաշտոնապես ասելով ինչ նատի ունի, մեզ  էլ չբավարարեց, բայց մենք հիմա պետք է մտածենք` այդ դետալի  պատճառով արժի՞ ամբողջ համաձայնության  հնարավարությունը թաղել»:

 Ըստ Լեւոն Զուրաբյանի` այս համաձայնագրում ներկայացված տարբերակով  ընտրակեղծիքները 75 տոկոսով մաքրելու հնարավորություն են ունենալու:  

«Եթե ցուցակները մաքրում ենք, տասը  մատնահետքով նույնականացում է լինում, մատնահետքով ստանալու ենք բոլոր քվեարկածների անվանական ցուցակը, եթե տեսախցիկներով ամբողջ գործըթնացը  ազգովի վերահսկում ենք, ինձ համար ակնհայտ է, որ ամբողջ ընտրակեղծիքների դաշտը էապես  նեղացվում է` մի գուցե 75 տոկոսով: Հիմա հարց է ծագում` արդյո՞ք մենք պետք է կորցնենք  75 տոկսով ընտրակեղծիքների դաշտը վերացնելու հնարավարությունը:  Առավել եւս որ դա մեզանից ոչ մի գործարք մեր խղճի  հետ չի թելադրում,  եթե մեզանից  դիրքորոշման որեւէ սկզբունքային փոփոխություն չի պահանջում ու  մենք համաձայնության գալով` կարող ենք էապես նեղացնել կեղծքիների դաշտը, արդյո՞ք  սա չի նշանակում, որ մենք պետք է գնանք այս համաձայնությունը կնքելու»:

Պնդմանը, թե առանց քաղհասարակության համաձայնության ընդդիմությունը իշխանության հետ կստորագրի՞ այս համաձայնագիրը, արձագանքեց.

«Ես չեմ ցանկանում որ մենք գնանք այդ տարբերակով, կարող են լինել ճկուն տարբերակներ, եթե քաղաքական ուժերը այդ համաձայանագիրը կնքում են, իսկ քաղաքացիական հասարակությունը հավանություն է ինչ որ  ձեւով տալիս կամ հայատարարում է, որ  վերապահումներով նորմալ է վերաբերում, դա էլ տարբերակ է: Մեզ համար կարեւոր է հասնել մի այնպիսի համաձայնության, որը բերում է միջազգային հարության աջակցությանը»: