«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարյան սառնամանիքին, երբ տեղացած ձյան պատճառով Երեւանի փողոցներն անանցանելի էին դարձել, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընկել էր սառույցի վրա եւ կոտրել ոտքը։ Ողջ մամուլն այն օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաեւ, որ նա վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ինչ-որ ժամանակ նա աշխատում էր տնից, ապա ձեռնափայտով էր դուրս գալիս։
Երբ եկել է երկաթները հանելու ժամանակը, պարզվել է, որ ոտքը սխալ է կպել, եւ նոր վիրահատության կարիք կա։ Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» է, եւ նա որոշել է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել է արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության է ենթարկվել։
Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց իրենից։ Նախկին նախարարը դեմ էր իր ոտքը կրկին «նյուզմեյքեր» դարձնելուն եւ հիշեցրեց, որ առողջական հարցերը բժշկական գաղտնիք են ենթադրում եւ անձնական կյանքի անձեռնմխելիություն։ Բայց հաստատեց, որ այժմ գտնվում է արտերկրում՝ Բելգիայում, արձակուրդն է վայելում, մեկ շաբաթից կվերադառնա եւ անպայման ցույց կտա ոտքը։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատժելու ոտքը սխալ բուժած բժշկին, միգուցե ՀՀԿ դպրո՞ց է ընդունելու, ինչին նա արձագանքեց. «Դպրոց ընդունվելը տենց հեշտ չի լինելու»։ Մենք էլ հիշեցնենք պարոն Աշոտյանին, որ ինքը հանրային անձ է, ՀՀԿ-ի՝ իշխող կուսակցության ղեկավար դեմքերից մեկը, եւ իր կյանքին առնչվող իրադարձությունները կարող են լինել հրապարակման առարկա՝ որքան էլ որ դա նրան հաճելի չլինի։ Թեեւ չենք կարծում, որ բուժման մեջ որեւէ արատավոր բան կա, եւ մենք անձնական կյանքի տիրույթ ենք ներխուժել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























