Նորածնին վաճառելու մեջ մեղադրվող, Աշտարակի Արուճ գյուղի բնակչուհի 36-ամյա Ալլա Կարապետյանը չի հերքում, որ նման բան եղել է, սակայն մանրամասներ չի հայտնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբանը՝ Աննա Ջուվանովան։
«Նախաքննության եւ գործի շահերից ելնելով՝ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Նշեմ, որ Ալլա Կարապետյանն այժմ հոգեբանական ծանր վիճակում է գտնվում։ Ընդհանուր առմամբ, նա չի հերքում, որ նման բան եղել է, սակայն մանրամասներ չի հայտնում»,- ասաց Աննա Ջուվանովան։
Փաստաբանի խոսքով՝ Ալլա Կարապետյանը դեռեւս ցուցմունք չի տվել, դիրքորոշում չի հայտնել։
Նշենք, որ Ալլա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ․ ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել բժշկուհի Կարինե Անտոնյանին, բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին եւ երեխային գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կ.-ին։ Բուժքույրն ու բժշկուհին կալանավորված են, Քրիստինե Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։





























