Քաղաքացի Էդգար Դ.-ն հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը 8:00-ի սահմաններում, ընկերոջ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս իրեն կանգնեցրել են ՊԵԿ աշխատակիցներ, ապա հայհոյանքներ տալով եւ ավտոմեքենան վնասելու սպառնալիքներ հնչեցնելով, բռնության գործադրմամբ իրեն դուրս են հանել ավտոմեքենայից:
Նույն աշխատակիցները, ստուգելով ավտոմեքենայի սրահը եւ այնտեղ հայտնաբերելով իր եւ եղբոր կողմից Երեւան քաղաքից գնած գազալիցքավորման տարաները եւ լվացքի փոշին, հայտարարել են, թե, իբր, դրանք, առանց մաքսային ձեւակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Վերջիններս վերցրել են ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բջջային հեռախոսը եւ ավտոմեքենայի հետ միասին իրեն տարել են Բագրատաշեն մաքսակետ:
Այնուհետեւ, հիշյալ մաքսակետի աշխատասենյակներից մեկում, մաքսային տեսուչը կազմել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ դրա մեջ մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, ըստ իր հայտարարության, նշված գազալիզքավորման տարաները եւ լվացքի փոշին, առանց մաքսային ձեւակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Ծանոթանալով արձանագրության բովանդակությանը, ինքը հրաժարվել է ստորագրել դրա տակ եւ գրառում է կատարել, որ համաձայն չէ բովանդակության հետ:
Բացի այդ, ՊԵԿ նույն աշխատակիցները հետ են վերադարձրել միայն բջջային հեռախոսը, իսկ տարաներով բեռնված ավտոմեքենան եւ թվարկված բոլոր փաստաթղթերը, առանց համապատասխան փաստաթղթավորման, պահել են մաքսակետում:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























