Երեւանի Սեբաստիա 3ա հասցեում բնակվող փախստականները 26 տարի է ապրում են,  ինչպես իրենք են բնորոշում, անմարդկային պայմաններում:  Երկու տասնյակ բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ իրենց բողոքը հայտնելու:

«Նախկին լաբորատորիայի տարածք է: Ոչ զուգարան կա,  ոչ բաղնիք: Ինչ-որ ապակիներով բաժանված սենյակներում ենք ապրում, 27 քմ տարածքում, երեխա չենք կարողանում ամուսնացնենք»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից մեկը:

Փախստականների խոսքով 2003թ. շենքը վաճառվել է Մխիթար Գոշ համալսարանին՝ պայմանով, որ եթե նրանց հանեն այդտեղից,  պետք է ապահովեն տնով. «Մենք մեջը ծախել են շենքը: Ո՞վ է տեսել նման բան: Հիմա էլ սեփականատերը մնացած բնակարանները վերանորոգում է, մենք մնացել ենք:  Ինքը չի հանում,  պետությունն էլ մեր հարցը չի լուծում:  Բայց ինչքան կլինի այդպես:  Տարիներ շարունակ գումարներ են ուղարկվում փախստականների համար, գնում ենք Միգրացիոն ծառայության պետի մոտ,  ասում է՝ այդ գումարները տարբեր ծրագրերում են ներդրվում, բայց մենք ոչ մի ծրագրից էլ չենք օգտվում: Էդ հոնորարներով իրանց տներն են սարքում»:

Բնակիչները նշեցին,  որ տարիներ շարունակ դիմել են պատկան մարմիներին,  սակայն անօգուտ. «Մեզ քաղաքապետարանից ասում են՝ ինչի չեք գնում Ռուսաստան,  ով գնացել ա, ապահովված ա»: