Թուրքիայի հայ համայնքը նամակով դիմել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով արգելել Պոլսի հայոց պատրիարք Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան, առավել եւս Մայր Աթոռի սրբազան տարածք։
«Պաշտոնական նամակով ինձ է դիմել Թուրքիայի հայ համայնքը՝ նշելով, որ նամակն ուղղված է Հայաստանի պատկան մարմիններին եւ Մայր Աթոռին, որ Արամ Աթեշյանին հեռու պահեն Մայր Աթոռից եւ Հայաստանից։ Նրանք պահանջում են, որ Արամ Աթեշյանն այլեւս ոտք չդնի Մայր Աթոռի սրբազան տարածք, քանի որ պաշտպանում է Թուրքիայի իշխանությունների շահերը»,- այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ սա առանձին քննարկելու հարց է։
Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչն առաջ էր բերել աշխարհում համայն հայության դժգոհությունը:
Հունիսի 15-ին պարզ է դարձել, որ Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնում է Ռուսաստան, ապա նաեւ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստերին ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։





























