2016թ.-ի հունիսի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում եւ ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային ցուցակում:
«Յունիբանկից» NEWS.am_ին հայտնում են, որ այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում` բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%: Հիշեցնենք, որ տեղաբաշխման ներկայացվել էր 5,2 մլրդ ՀՀ դրամ գումարի մոտ 22,7 մլն հասարակ անվանական բաժնետոմսեր:
Հաշվի առնելով ներդրողները զգալի հետաքրքրությունը «Յունիբանկի» բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, 2016թ.-ի մայիսին բանկը սկսեց բաժնետոմսերի նոր թողարկում, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի եւ դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` www.unibank.am եւ corp.unibank.am:
2016թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% եւ կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ.-ի առաջին եռամսյակում ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով:



























