Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ադրբեջանական կողմին  կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտականությունը եւ ապահովել քառօրյա պատերազմի ընթացքում զոհված  փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի վարորդական իրավունքի վերադարձը ընտանիքին:

«ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբելելու մասին Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:

Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ եւ հանգել հետեւության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերեւույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին:

Վերջինն անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին:

Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնեւի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը եւ ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները:

Ադրբեջանական իշխանությունները նաեւ պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում եւ այն էլ հանրային տարածքում:

Միեւնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եւ հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաեւ խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին:

Հայտնում ենք նաեւ, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվում հայտնաբերվել է հայկական  վարորդական վկայականն, որը պատկանում է քառօրյա պատերազմին զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին:

Նշենք, որ ըստ ադրբեջանական Minval.az–ի՝ փաստաթուղթը գտել են Բաքվի Սաբունչինի շրջանում։ Oxu.Az–ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հայտնել են, որ Բաքիխանով ավանի Մեհմանդարովի փողոցի համար 8 տան բնակիչ Իլքին Մամեդովն իր տան առջեւ գտել է հային պատկանող փաստաթուղթ, որը փոխանցել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության 13-րդ բաժանմունք։ Վարորդական վկայականը BC կարգի է, համարը՝ «RG 052597»։

Թե ինչպես է զոհված փոխգնդապետի վարորդական վկայականը հայտնվել Մամեդովի տան առջեւ, դեռեւս պարզ չէ:

Հիշեցնենք, որ Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ կռվի ժամանակ: Փոխգնդապետն իր ընկերների հետ դիրքեր էր մեկնել, երբ իմացել էր հակառակորդի հարձակման մասին, սակայն դիրքերում շրջափակվել էր նրանց մեքենան:

Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Ապրիլ 10-ին միայն հարազատներն իմացան փոխգնդապետի զոհվելու մասին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: